Անցնող կիրակին համաշխարհային ֆուտբոլում առանձնացավ բազմաթիվ երկրների ընտրանիների ունեցած հանդիպումներով: Հիշատակենք դրանցից մի քանիսը:
Մադրիդյան հանդիպումում Իսպանիայի ընտրանին առավելության հասավ իտալացիների նկատմամբ` կրկնելով Եվրոպայի վերջին առաջնության եզրափակչի նվազագույն հաշիվը: Հանդիպումը նշանավորվեց ոչ միայն հաղթանակով, այլև Մադրիդի «Աթլետիկոյի» կազմում հանդես եկող, բրազիլական ծագում ունեցող Դիեգո Կոստայի նորամուտով, ով, ինչպես գիտեք, անցած տարի պաշտոնապես հրաժարվեց աշխարհի հնգակի չեմպիոնների ընտրանու կազմում հանդես գալու հնարավորությունից:
Նույնատիպ հաշիվ գրանցվեց նաև Գերմանիա-Չիլի դիմակայությունում, որտեղ կողմերի շանսերը գրեթե բացարձակապես հավասար էին: Նշենք, որ խաղը ոչ պակաս դիտարժան էր և սույն ցուցիչով ոչնչով չէր զիջում առաջինին:
Արդյունավետությամբ առանձնացավ Պորտուգալիա-Կամերուն դիմակայությունը: 5:1 հաշիվը տպավորիչ էր: Խաղում դուբլի հեղինակ է դարձել Ռոնալդուն:
Փարիզում ֆրանսիացիների երկու գոլին ոչնչով չկարողացան արձագանքել հոլանդացիները, իսկ սա հավաքականի ղեկը ստանձՆած Լուի վան Գալի հեղինակությունը ստվերող պակաս բան չէ:
Բրյուսելում բելգիացիներն այդպես էլ չկարողացան կոտրել կոտդիվուարցիների համառությունը: Արդյունքում` 2:2: Այս արդյունքն արձանագրվեց և Շվեյցարիա-Հորվաթիա դիմակայությունում, որտեղ կողմերն իսկապես դիտարժան խաղի հեղինակ դարձան:
Դանիայի հավաքականի հետ հանդիպումը հաղթական ավարտեց Անգլիայի ընտրանին, և դրա համար միանգամայն բավարար եղավ «Լիվերպուլում» վերջին ժամանակներս գոլային ծարավով աչքի ընկնող Դենիել Սթարիջը:
Չնայած «մայդանցիներին» քաղաքական աջակցություն ցույց տալու ԱՄՆ-ի կառավարության ջանքերին, ուկրաինացիները բարեհամբույր չեղան քաղաքական համախոհների նկատմամբ ու հաղթեցին 2:0 հաշվով:
Հակառակ ամերիկացիների, օվկիանոսը նույնպես կտրած բրազիլացիները հաղթական այցելություն ունեցան Հարավաֆրիկյան Հանրապետություն ու փաստն ամրագրեցին հինգ անպատասխան գնդակով: Դուբլի հեղինակ է դարձել Նեյմարը:
Ընկերականներից թերևս ամենախոշոր անակնկալն է եղել Բոսնիայի ու Եգիպտոսի ընտրանիների հանդիպման 0:2 հաշիվը, թեպետ նույն շարքում կարող է հավասարապես դիտարկվել Կոլումբիայի ու Թունիսի հավաքականների հանդիպումում գրանցված ոչ-ոքին (1:1): Ինչ վերաբերում է ռուսների հետ մերոնց հանդիպման հաշվին, ցավալի է, սակայն, այն անակնկալների շարքից չէ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ